«Լիբանանում հայտարարում եք, որ Հայաստանում լավ պայմաններ են ստեղծված և բարեփոխումների արդյունքում գործարարները կարող են ներդրումներ անել այստեղ, բայց Հայաստանում այսօր փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները շնչահեղձ են լինում»` ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Ես գիտեմ դեպք, երբ միջազգային դատարան են ուզում դիմել Հայաստանում ներդրողին գցելու համար: Այս հակասությունների ֆոնին ինչպե՞ս եք պատկերացնում հայտարարություններ անելով Հայաստան ներդրող բերելը»,- վարչապետին հարցեց Էդմոն Մարուքյանը:
Կարեն Կարապետյանը հակադարձեց. «Մենք չենք ասում՝ մեր բոլոր խնդիրները լուծել ենք: Ինչ վերաբերում է փոքր և միջին բիզնեսի շնչահեղձ լինելուն, վիճակագրությունը ցույց է տալիս՝ դրանք աճել են, և մենք կառավարությունով ռեգուլյար բիզնես պայմանների լավացման ու հեշտացման վրա աշխատում ենք, հստակ գիտենք՝ ինչ ենք փոխել, փոխածի որ մասն է բերել տնտեսական աճին և ես հավատացած եմ, որ ցանկացած սփյուռքահայ կարող է մաս կազմել մեր երկրի զարգացմանը»,- նշեց Կարապետյանը: Մարուքյանն էլ նշեց, որ վարչապետի ընտրության սպասումները ազդում են բիզնես միջավայրի վրա՝ հետաքրքրվելով` առաջին փոխվարչապետ նշանակվելուց հետո Կարապետյանին կհաջողվի՞ կայունացնել դաշտը: «Հայտարարել էիք, որ պատրաստ եք վարչապետ աշխատել, բայց հիմա ակնհայտ է, որ առաջին փոխվարչապետ եք աշխատելու, սա կկայունացնի՞ բիզնես միջավայրը Հայաստանում, անկայունությունը կվերանա՞»,- հարցրեց Մարուքյանը: Ի պատասխան Կարապետյանը հարցրեց. «Բայց դրա քննարկումը եղե՞լ է, որ ասեմ պատրաստ եմ, թե չէ: Հարց եք տվել՝ պատասխանել եմ, ասել եմ՝ հա: Էդ քննարկումը դեռ չկա»: